«Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կնշանակի հայկական բիզնեսի հիմնական շուկայի կորուստ». Գալուզին


 

«Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր կապերը Հայաստանի հետ և փորձում ենք դրանք կառուցել փոխադարձ հարգանքի և փոխշահավետության հիմքի վրա»։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում։

 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը և Բրյուսելը հսկայական ճնշում են գործադրում հետխորհրդային երկրների վրա՝ սահմանափակելու Ռուսաստանի հետ իրենց փոխգործակցությունը։

 

«Արևմուտքը Հայաստանը դիտարկում է օգտապաշտորեն՝ որպես Ռուսաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիքներից մեկը։ Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» տարածաշրջանում լարվածության հերթական օջախ ձևավորելու համար։

 


Արևմտյան մայրաքաղաքներում պատրաստ են հանգիստ «խաղադրույք կատարել» հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի և նրա անվտանգության վրա։ Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կոչ են անում Երևանին խզել բոլոր կապերը Մոսկվայի հետ՝ հասնելով մեր ընդհանուր ինտեգրացիոն միավորումներից դուրս գալուն։

 


Տեսնում ենք, որ Հայաստանին ակտիվորեն գրավում է եվրոպական հեռանկարը։ Դժվար չէ կռահել, որ երկրին կհամոզեն հրաժարվել այն մեխանիզմներից, որոնք վերջին տարիներին ռեկորդային աճ են ապահովել նրա տնտեսությանը։ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կնշանակի հայկական բիզնեսի հիմնական շուկայի կորուստ»,- նշել է նա։


Գալուզինը հիշեցրել է, որ 2023 թվականին Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքաշրջանառությունը հասել է պատմական առավելագույնի՝ 700 միլիարդ ռուբլու։